Արմինֆո. Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայում, որպեսզի դինամիկան ավելի թարմանա, «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Մենք հետաքրքրված ենք նրանով, որ կարողանանք հնարավորինս այնպես անել, որպեսզի երկու կողմերի միջև լինեն ուղղակի շփումներ, որովհետև խնդիրը վերաբերում է երկու կողմերին։ Համանախագահները տարածաշրջանում են, երկուշաբթի օրը հանդիպեցին հանրապետության նախագահին, նաև՝ արտգործնախարարին, երեկ և այսօր նրանք արդեն Ստեփանակերտում են, ուստի գաղափարն է՝ առավելագույնս ջանքեր գործադրել, որպեսզի նորից վերսկսվի ուղղակի երկխոսությունը։ Իսկ Ֆրանսիան միշտ ասել է, նաև Հայաստանի նախագահի՝ մարտի 8-ին այցի առիթով Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց իր կարծիքը, որ եթե հասնի այդ պահը, Ֆրանսիան պատրաստակամ է նորից հյուրընկալել նմանատիպ հանդիպում։ Եվ մի կետ, որի վրա ես կցանկանայի անպայման շեշտադրում կատարել՝ անհրաժեշտություն է վստահության մեխանիզմների ներդրումը, որովհետև հնարավոր չէ ենթադրել բանակցային գործընթաց՝ առողջ և արդյունավետ, առանց որոշակի վստահության մեխանիզմների ներդրման։ Ի դեպ, այս հարցի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում, և հաստատվել է այս դրույթը»,- ասել է Շարպանտիեն:
Պատասխանելով այն հարցին, թե որն է հակամարտության գոտում պահպանվող լարվածության պատճառը՝ Շարպանտիեն նշել է. «Մենք բոլորս փաստում ենք, բայց և ավաղ՝ կանոնավոր կերպով, որ ստատուս քվոն բավարար չէ, ակնհայտ է, որ այնքան ժամանակ, քանի դեռ մենք կգտնվենք այնպիսի մի իրավիճակում, երբ երկու երկրներ, այս պարագայում մենք գտնվում ենք Հայաստանում, ասեմ՝ Հայաստանը, վտանգված են՝ լարվածության սրմամբ և հրադադարի ռեժիմի խախտմամբ, բնականաբար, իրավիճակը չի կարող դյուրին դառնալ, և, բնականաբար, ակնհայտ է, որ պետք է փորձել հարցը գտնել դիվանագիտական ճանապարհով, ամեն դեպքում՝ այնպիսի մի լուծում հայտնվի, որն ընդունելի լինի երկու կողմերի համար և երևի թե նաև ինչ-որ մի տեղ փոխզիջումների վրա հիմնված։ Ես հասկանում եմ, որ դա երկար, մեծ աշխատատարություն պահանջող առաքելություն է։ Համանախագահներն անընդհատ կապի մեջ են և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։ Այստեղ մեկ անգամ ևս անդրադառնամ իմ հանրապետության նախագահի՝ պարոն Օլանդի խոսքերին, որ մարտի 8-ի այցի շրջանակներում ասաց Սերժ Սարգսյանին և այդ նույն ուղերձը փոխանցվեց նաև Ալիևին, որ ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել՝ բնականաբար հենց թեկուզ անվտանգության տեսանկյունից, և երկրորդը՝ երկու երկրներից ոչ մեկի համար շահեկան չէ ստատուս քվոյի այդ պահպանումը»: