Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարում է ընտրություններում Հանրապետական կուսակցությանն աջակցելու մասին:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը մարտի 28-ին կայացած նիստում, անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին, հայտարարում է:
Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։
Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին, առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի մեր երկրի անվտանգության ամրապնդման ու տնտեսական արմատական բարեփոխումների շարունակականությունը»,- ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հայտարարության մեջ: