Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև զորամասի հրամանատարին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին և այլոց: Մասնավորապես՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին և իրացնողին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: