Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը կառավարող Հանրապետական կուսակցության հետ նախընտրական կոալիցիա կազմել մտադիր չէ: Այդ մասին Արթիկում քարոզարշավի ընթացքում հայտարարել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք մտադիր չենք կոալիցիա կազմել, քանի որ մեկ անգամ արել ենք դա և տեսել, որ չենք կարող ինչ-որ բան փոխել երկրում»,- ընդգծել է նա: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ մտադիր է մինչև վերջ գնալ, հետևաբար՝ չի հիասթափեցնի ընտրողներին և կարդարացնի նրանց վստահությունը:
Ծառուկյանը դժգոհել է նաև հասարակական-քաղաքական որոշ շրջանակների հայտարարություններից այն մասին, թե իքնը պոպուլիզմով է զբաղվում: «15 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը գրել եմ ինքս՝ խորհրդակցելով տնտեսագետների հետ, այն միանգամայն իրատեսական է: Ժողովուրդն այլևս ի վիճակի չէ հանդուրժել, անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել»,- հայտաարել է Ծառուկյանը:
Դաշինքի առաջնորդը դժգոհել է նաև ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանից, ով «թույլ չի տալիս» իրեն նախընտրական խոստումներ տալ: Ծառուկյանի կարծիքով, Մուկուչյանի այդ հայտարարությունները պայմանավորված են իր և իր դաշինքի առջև իշխանությունների վախով: «Նրանք վախենում են, որ մենք կհաղթենք, այդ պատճառով սպառնում են մեզ»,- հավաստիացրել է Ծառուկյանը: