Արմինֆո.Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերողե, այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիաե բժշկական կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը` անհետաձգելի ցուցումներով։
Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` չի հաջողվել Արթուր Սարգսյանի կյանքը փրկել։
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: