
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման եւ ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:
Պարոն Շարմազանովը փաստել է, որ մեր երկիրը բռնել է խորհրդարանական կառավարման ուղին եւ այդ ճանապարհին առանձնակի կարեւորել է դիտորդական առաքելությունների կատարած աշխատանքը եւ տրված անաչառ գնահատականները: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է հատկապես ԱՊՀ դիտորդների դերակատարությունը:
Պարոն Շարմազանովը կարեւորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը եւ հավելել. «Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:
Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են եւ ժողովրդավարական: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը:
Նշենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելությանն իր մասնակցությունն է հաստատել
76 ներկայացուցիչ Ռուսատանից, Բելառուսից, Թուրքմենիայից, Ուզբեկստանից և Ղազախստանից: Ընդհանուր առմամբ առաքելությունում ընդգրկված կլինի 150-180 դիտորդ, որից 20-ը՝ երկարաժամկետ: Բացի այդ, փետրվարի
23-ից գործունեություն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Արդեն Հայաստան է ժամանել խմբի 14 փորձագետ և 28 դիտորդ: Ընտրությունների օրն առաքելություն իրականացնելու համար նրանց կմիանա ևս 250 դիտորդ: Սպասվում է նաև 3500 դիտորդի մասնակցություն «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունից: