Արմինֆո.Մահացել է անցած տարվա հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: