Արմինֆո. Եգիպտոսում ՀՀ դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանն արձագանքել է վերջերս եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած՝ Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի ապատեղեկատվական հոդվածին:
«Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպիտենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ: Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։ Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։ Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։
Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին և հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի։
Ցավում ենք, որ այսպիսի էժանագին նյութերով փորձ է կատարվում Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնել: Սակայն վստահ ենք, որ սա ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երևույթները չեն կարող տեղ ունենալ»,- ասել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության կցորդը:
Ավելի վաղ Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության խորհրդատուն elfagr.org կայքում հոդված է հրապարակել՝ փորձելով ադրբեջանական քարոզչության դրույթները տարածել եգիպտական հասարակության շրջանում: Դեսպանության խորհրդատուն նույնությամբ ներկայացրել է տարիներ շարունակ Բաքվի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, հակահայկական քարոզչությունը՝ միաժամանակ թույլ տալով ոչ կոռեկտ ձևակերպումներ: