Արմինֆո. Ջրառատի միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը ձերբակալվել է ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։
Մարտի 14-ին ՀՀԿ Ջրառատի կառույցի անդամները զինված հարձակում են գործել ՕՐՕ դաշինքի համակիրների նկատմամբ, ինչի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ «Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ։ Վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև ինքնաձիգը։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ, պարզվում են մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանց գործողությունները», - ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Ջրառատ գյուղում միջադեպ էր արձանագրվել նաև մարտի 12-ին` ՕՐՕ դաշինքի կողմնակիցների և համայնքի ղեկավար Լեռնիկ Երանոսյանի միջև: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեից, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ « ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19 :40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ.Երանոսյանը և Մ.Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ.Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ: Զննվել է դեպքի վայրը, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակը։ Նշված դեպքի շրջանակներում նույն օրը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ, ևս մեկը ներկայացել է կամավոր։ Առգրավվել են վերջիններիս հագին՝ դեպքի պահին եղած հագուստները։ Բերման ենթարկված անձինք փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալուց:
Ստուգվել է բերման ենթարկվածների սթափության աստիճանը և, համաձայն զննության արձանագրություն, նրանք գտնվել են սթափ վիճակում: Դեպքի վերաբերյալ հաղորդում և բացատրություն է տվել Լեռնիկ Երանոսյանը։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ», ասվում է ՔԿ հաղորդագրությունում։