Արմինֆո. Մարտի 14-ին Երևանում մեկնարկեց հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը՝ երկու երկրների համանախագահների՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովի նախագահությամբ։
Աղբյուրի համաձայն, երկօրյա նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Բացելով նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը. «Հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի ցանկությունը՝ հետագայում ևս խորացնել հարաբերությունները մեր պետությունների միջև: Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
Նշենք, որ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Անդրադարձ կկատարվի նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացմանը, կներկայացվի կատարված աշխատանքների ընթացքը։ Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով գլխավորել է Հայաստանի պատվիրակությունն Աշխաբադում գազի առևտրի շուրջ բանակցություններում, Հայաստանը բոլոր տարածաշրջանային պետությունների հետ բանակցություններ է վարում հանրապետություն գազի մատակարարումների համար տարբերակների որոնման հարցի շուրջ: Փոխնախարարի ասելով, խոսքը վերաբերում է թուրքմենական գազի Հայաստան մատակարարման առավել օպտիմալ ուղիների որոնմանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Աշխաբադը Թեհրանին առաջարկել է օրական մինչև 15 մլն խմ ավելացնել գազային սվոփի ներկայիս ծավալը Հայաստանի և Ադրբեջանի համար: Սակայն, ինչպես նշել է Հայկ Հարությունյանը, Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է զգալիորեն նվազ ծավալների փոխանակմանը: Նրա ասելով, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը կազմում է օրական ընդամենը 6 մլն խմ, և սվոփի նման զգալի ծավալների ապահովումը ֆիզիկապես, պարզապես, անհնար է: Հունվարի 13-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է հանրապետություն գազի մատակարարման տարբեր սվոփային սխեմաների շուրջ: Վարչապետի ասելով, Հայաստան գազի սվոփային մատակարարումները քննարկվել են 2017 թվականի առաջին աշխատանքային օրը` Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստանի բնական գազի մատակարարման միակ ուղին Վրաստանի տարածքով մշտապես քննարկումների առարկա է դառնում` Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն այսօրվա դրությամբ այն այլընտրանք չունի, քանի որ գոյություն ունեցող երկրորդ գազատարն Իրանից ի զորու չէ ապահովել անհրաժեշտ ծավալներ: ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է թուրքմենական գազի սվոփային մատակարարումներ սկսել Իրանի տարածքով: Խոսքը վերաբերում է մի կողմից թուրքմենականն գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կներմուծի մյուս կողմից Հայաստան: