Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Իզվեստիային»:
«ԵԱՏՄ անդամակցելուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորություններն անհամեմատ ընդլայնվել են, հաշվի առնելով, որ մեր առջև բացվել է ԵԱՏՄ անդամ երկրների 180-միլիոնանոց սպառողական շուկան», - ասել է նա: Սարգսյանը նշել է, որ միությունը հնարավորություններ է ստեղծում ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար: «Դրանք, անշուշտ, մեծ առավելություններ են», - հավելել է նա:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկրի գլխավոր առևտրատնտեսական գործընկերներից և նրա տնտեսությունում գլխավոր ներդրողներից մեկը Ռուսաստանն է: «Ընթացիկ տարում մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության շուրջ պայմանագրի 20-ամյակը: Սակայն մենք մտադիր չենք սահմանափակվել ձեռք բերվածով: Մեր համագործակցության ներուժը, անշուշտ, շատ ավելի լայն է», - նշել է նա:
Հավելենք, որ մարտի 14-ին Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը: