Արմինֆո. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոստանում է ընտրություններում հաղթանակի դեպքում ներգրավել տարեկան 1,5-2 մլրդ դոլարի ներդրում և դրամաշնորհ: Նա այդ մասին հայտարարել է մարտի 10-ին Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա կարծիքով, երկրում առկա բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը օբյեկտիվ պատճառներ չունի և պայմանավորված է իշխանությունների անգործությամբ: Նա կարծում է, որ միայն հայկական սփյուռքի ներուժը բավական է տնտեսությունն առողջացնելու համար: Սակայն նախկին նախարարը նշել է, որ երկրի ներսում նույնպես ոչ պակաս ռեսուրսներ կան, որոնք աստիճանաբար լքում են դրա սահմանները: «Մարդիկ չեն վստահում գործող իշխանությանն ու միջոցները պահում են բանկերում, սակայն վստահության առկայության դեպքում այդ ֆինանսները կարող են մտնել շրջանառության մեջ, իսկ սփյուռքի հայերը վերստին կսկսեն ներդնել Հայաստանի տնտեսությունում», - ընդգծել է նա, հավելելով, որ իշխանափոխությունը միայն դրական կանդրադառնա այդ գործընթացի վրա:
Դաշինքի առաջնորդ Սեյան Օհանյանն, իր հերթին, հայտարարիել է, թե Հայաստանին անհրաժեշտ են նույնպիսի արմատական փոփոխություններ, ինչպիսիք իրականացրեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` կոռուպցիան և այլ բացասական երևույթներ արմատախիլ անելու համար: «Մենք Վրաստանից մեկ քայլ հետ ենք, քանի որ Հայաստանն արամտական և կոշտ փոփոխությունների կարիք ունի մի շարք ոլորտներում», - ընդգծել է նա: Ընդ որում, Օհանյանը կարծում է, որ Սահակաշվիլիի հակառուսական քաղաքականությունն արդարացված չէր, հետևաբար, Հայաստանն արտաքին վեկտորում չպետք է ընթանա Վրաստանի նախկին առաջնորդի ճանապարհով: «Հայաստանն իր զարգացումը պետք է զուգորդի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Արևմուտքի հետ փոխգործակցության խորցման հետ », - եզրափակել է նա: