Արմինֆո.Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար Հայաստանն իր կողմից ձեռնարկել է բավականաչափ քայլեր: Այս մասին մարտի 10-ին, Երևանում, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը նշել է, որ հույն գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում նաև Թուրքիայի հետ Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերություններին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ուղղված ՀՀ նախագահի նախաձեռնությունների մասին: «Բայց Թուրքիան նահանջեց ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած հայտնի արձանագրությունների ստորագրմանը, Թուրքիան հրաժարվեց վավերացնել և իրականացնել դրանք: Այսպիսով, նահանջեց պայմանավորվածությունները և համաձայնագրերը հարգելու միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքից: Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների նորմալացմանը, այդ թվում նաև Թուրքիայի հետ, առանց նախապայմանների: Հուսով ենք, որ մի օր էլ Թուրքիան կգա այդ մոտեցմանը և կհարգի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում մյուս գործընկերների հետ»,-եզրափակել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրություններն ստորագրվեցին 2009 թվականիւ հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Բայց այդ արձանագրություններն արդպես էլ չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես առաջ էր քաշում նախապայմաններ: Այդ պատճառով էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ խորհրդարանում սառեցվեց, իսկ 2015-ի փետրվարին, ընդհանրապես, արձանագրույթունները հետ կանչվեցին խորհրդարանից: