Արմինֆո.ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը փակված չէ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Նրա ասելով, Հատուկ քննչական ծառայությունում վարույթի դադարեցումից հետո սկսվում է դատախազական վերահսկողության 6-ամսյա փուլ, որի ընթացքում դատախազը կարող է անդրադառնալ և, ըստ էության, կանդրադառնա վարույթի դադարեցման հիմնավորմանը», - նշել է նա:
Նշենք, որ Միհրան Պողոսյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով` Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան- Նորքի զանգված, Քանաքեռ-Զեյթուն):
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել էին օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում էր շուրջ 11,5 մլն փաստաթղթի, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.), բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները:
Ավելի վաղ ՀՔԾ հաղորդել էր, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 310 հոդվածի հատկանիշներով (ապօրինի մասնակցություն գործարարությանը, մասնավորապես, պաշտոնատար անձի կողմից ձեռներեցություն իրականացնող կազմակեևրպության հիմնում): Սակայն 2017 թվականի հունվարի 25-ին հանցակազմի բացակայության առնչությամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել էր «օֆշորային գործի» քրեական վարույթը: