Արմինֆո. Նախընտրական արշավին մասնակցող քաղաքական ուժերը բացատրել են, թե ինչում է նրանց առավելությունը և ինչու ընտրողը պետք է քվեարկի հենց նրանց օգտին:
Մասնավորապես, Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանը հայտարարել է, որ ընտրողը պետք է քվեարկի իր ներկայացրած քաղաքական ուժի օգտին, քանի որ այն հասկանալի և իրատեսական ծրագիր է ներկայացրել: «Կոմկուսը հանդես է գալիս տնտեսական զարգացման, աշխատատեղերի և ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ՀԱՊԿ հետ համագործակցությունում ռազմական բաղադրիչի խորացման, «Նաիրիտի» և «Վանաձոր Քիմպրոմի» վերագործարկման, ինչպես նաև գործարարների համար հարկային արտոնությունների օգտին»,- ընդգծել է նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը հայտարարել է, որ ընդդիմախոսներից իրենց տարբերությունն այն է, որ քաղաքական ուժը հանդես է գալիս պրոգրեսիվ արևմտյան կենտրոնների հետ համագործակցության, մասնավորապես՝ Եվրամիությանը լիիրավ անդամակցության օգտին: «Եվրասիական տնտեսական միությունը ռեգրեսիվ միավոր է, որը միմիայն բացասաբար է անդրադառնում Հայաստանի շատ ցուցանիշների վրա, որում ոտնահարվում են մեր քաղաքական և տնտեսական շահերը, և չի լուծվում մեր անվտանգության հարցը»,- ընդգծել է նա: Ըստ որում, նա ավելացրել է որ «Ազատ դեմոկրատները» հանդես են գալիս ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքի և ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծման օգտին:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից թեկնածու Սուսաննա Մուրադյանը հայտարարել է, որ ընտրողը պետք է իր ձայնը տա այդ քաղաքական միավորին, քան որ այն կարողացել է միավորել փորձը և շատ հարցերի կարգավորման առնչությամբ նոր մոտեցումները: Այս համտեքստում նա նշել է պրոֆեսիոնալ բանակի անցնելու, բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման, նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը: «Մենք գիտենք նաև, թե ինչպես ավելացնել ֆինանսական հոսքերը և կանգնեցնել միգրացիան»,- ընդգծել է նա:
Միաժամանակ ՀԱԿ-ից թեկնածու Զոյա Թադևոսյանը հայտարարել է, որ տնտեսական զարգացման և ժողովրդավարության խորացման մասին բոլոր հայտարարությունները դատարկ խոսքեր են, եթե չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ որում, նա հայտարարել է, որ ՀԱԿ-ը նախընտրական արշավին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որը տալիս է դրա կարգավորման բանաձևը և գիտակցում պահի ողջ լրջությունը: «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի սահմանների պաշտպանության տեսակետից, և ստատուս-քվոն լրջորեն ազդել է մեր սոցիալ-տնտեսական դրության վրա, հետևաբար՝ հակամարտության կարգավորումը գերակայություն է մեզ համար»,- ասդել է նա:
Նշենք, որ Gallup International Association-ի հարցման նախնական արդյունքների համաձայն, ՀՀ նոր խորհրդարան կանցնի 4-5 քաղաքական ուժ: Հարցման համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենան վաղը, ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ`22,8%, «Ելք»`4.3%, ՀՅԴ`3,9%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցույթուն`3.4%, «Հայկական վերածնունդ»`2.7%, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն` 2,6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն - 1.8%, և Հայաստանի կոմունիստական կուսակցություն`1%:
Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման համաձայն՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է (26%), երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (19%): Ընտրական շեմը (5% կուսակցությունների և 7% դաշինքների համար) հաղթահարելու եզրին են գտնվում երեք ուժեր`«Ելք» ՀՅԴ և «Հայկական վերածնունդ»: