Արմինֆո. Եթե իրավապահ մարմինները պատշաճ մակարդակով կատարեն իրենց պարտականությունները, ոչ մի քաղաքական ուժ չի կարող նախընտրական կաշառքներ բաժանել: Այդ մասին Կոնդ թաղամասում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա կոչ է արել ընտրողներին կաշառք չվերցնել ոչ մի քաղաքական ուժից՝ ոչ կառվարող Հանրապետական կուսակցությունից, ոչ ընդդիմադիր ներկայացող այլ ուժից: Զուրաբյանը նաև խիստ քննադատության է ենթարկել ՀՀԿ-ին՝ հայտարարելով, որ կուսակցությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամի է հանգեցրել երկիրը: «18 տարի Հանրապետական կուսակցությունը ոչ թե ղեկավարել է երկիրը, այլ՝ դատարկել և թալանել այն»,-նշել է քաղաքական գործիչը, ավելացնելով, որ երկիրը հայտնվել է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքի տակ: