Արմինֆո.Հայաստանի և ԵՄ միջև ստորագրման պատրաստվող պայմանագրից տնտեսական օգուտներ ակնկալել չենք կարող, գտնում է Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը:
2015 թ. դեկտեմբերի 7-ից Հայաստանը և Եվրամիությունը բանակցություններ են վարում առևտրին, ներդրումներին, քաղաքական փոխգործակցությանը վերաբերող համապարփակ փաստաթղթի ստորագրման շուրջ: Նախորդ բանակցույունները տևել են 3,5 տարի, փաստաթութը պատրաստ էր ստորագրման, սակայն 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին:
«Իրականում դա քաղաքական համաձայնագիր է, որը հեռու հեռանկարում կարող է հանգեցնել Հայաստանին թերևս ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցման: Համոզված եմ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական և ռազմաքաղաքական կապերի առկա բարձր աստիճանի պահպանումն այսուհետև էլ երկրորդ պլանում կպահի Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները»,- նշել է դե Վաալը:
Ըստ որում, ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայնը», փորձագետը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ նոր սրացումը էլ ավելի կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում: Նա չի բացառել, որ ղարբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության բարձր աստիճանը կարող է արդեն այս գարնանը հանգեցնել լայնամասշտաբ մարտական գործողությունների:
«Իհարկե, ՄԱԿ-ի և, գլխավորը, ԵԱՀԿ կուլիսներում դիվանագետները նախազգուշացնում են կողմերին հակամարտության նոր բռնկման հնարավոր հետևանքների և սպառնալիքների մասին: Սակայն, մի՞թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարող է կանգնեցնել պատերազմը, եթե դա ցանկանում է հակամարտության կողմերից թեկուզ մեկը»,- ամփոփել է բրիտանացի փորձագետը: