Արմինֆո. Ռեյտինգային ընտրակարգն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Այդ մասին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Բաղդասարյանը ներկայացրել է Արագածոտնի մարզում կուսակցության ռեյտինգային թեկնածուներին: Իր ելույթը նա սկսել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների և արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրման համար ծախսերի խնդրից՝ ընդգծելով, որ վճարվող տուգանքները բյուջե չեն գնում: Այնուհետև նա բարձրացրել է գործազրկության, միգրացիայի, անօրինականության հետ կապված խնդիրները: «Քանի որ դահլիճում ցուրտ է, չեմ ուզում շատ երկար խոսել»,- նշել է Բաղդասարյանը՝ առաջարկելով ներկա գտնվողներին ծափահարել՝ համ էլ տաքանալ:
ՀՅԴ կուսակցությունը նախընտրական քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքի մարզում: Կուսակցության անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մասնավորապես, ընդգծել է նոր աշխատատեղեր ստեղծելու և ավելի մատչելի գյուղատնտեսական վարկեր տրամադրելու անհրաժեշտությունը: Այդ խնդրի լուծման համար ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել հատուկ ներդրումային հիմնադրամ, որը գյուղի բնակիչներին կապահովի էժան վարկերով՝ ցածր տոկոսադրույքներով: Առանց դրա, նրա խոսքով, տնտեսության զարգացումը երկրում ուղղակի անհնար է: