Արմինֆո.Հայաստանի իշխանություններն ակնկալում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթել նախընտրական կաշառքների և քվեարկության ընթացքում «կրարուսելի» հաշվին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» դաշինքից պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, արդեն երկու քաղաքական ուժեր N1 ընտրատեղամասում սկսել են ընտրողների ցուցակներ կազմել և կաշառք առաջարկել: «Յուրաքանչյուր ձայնի համար խոստանում են 20 հազար դրամ, սակայն իրականում բաժանողը ստանում է 10 հազար, իսկ քվեարկողը՝ 5, այսինքն՝ այստեղ էլ ժողովրդին խաբում են»,- հայտարարել է Բագրատյանը՝ ավելացնելով, որ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կաշառակերության է դրդում հասարակությանը:
Բագրատյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը, որը, նրա խոսքով, ավելի շուտ բաժակաճառերի հավաքածու է հիշեցնում, քան՝ տնտեսական առողջացման ծրագիր: Նա ամոթալի է համարում նաև Նոր ընտրական օրենսգիրքը, որը, նրա խոսքով, հարուցել է ԱՊՀ և միջազգային այլ կառույցների զարմանքը: «Դիտորդները զարմացած են ԸՕ խորամանկության մակարդակից, ինչը թաքնված մեխանիզմների միջոցով վերարտադրվելու հնարավորություն է ընձեռում իշխանությանը»,- հայտարարել է նա