Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը ցավակցություն են հայտնել հայ ժողովրդին 1988-90թթ. Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու և Կիրովաբադ քաղաքներում հայերի ջարդերի տարելիցերի առնչությամբ:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, ապագայում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար: Մենք պետք է Ադրբեջանին համոզենք հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայից: Մենք պետք է ակտիվորեն հետևենք Ադրբեջանի գործողություններին ղարաբաղյան հակամարտության գոտում և արձագանքենք դրանց», - հայտարարել է Շերմանը` Ադրբեջանում հայերի ջարդերի տարելիցի միջոցառման ժամանակ:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, հայտարարել է, որ նման հանցագործությունների անպատժելիությունը ծնում է նորերը: «Հայերն այդ մասին գիտեն` ինչպես ուրիշ ոչ ոք: Այս տարի մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը», - նշել է նա:
Իսկ Ադամ Շիֆն ընդգծել է, որ Սումգայիթյան իրադարձությունները դարձան Ադրբեջանում ապրող 450 հազար հայերի բռնի վերաբնակեցման և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմի գագաթնակետը: Նա ընդգծել է, որ Արցախի նկատմամբ շարունակվող Բաքվի ագրեսիայի համար պատասխանատվություն է կրում միջազգային հանրությունը, որը պետք է պնդի հակամարտության գոտում Ադրբեջանի հետագա սադրանքների կանխարգելման միջոցների իրագործումը: Կոնգրեսականն ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ մեխանիզմների իրագործումից:
Հիշեցնենք, որ 1988-90թթ. Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքակության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին և տեղահանվեցին Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու և Կիրովաբադ քաղաքներից: Ջարդերն ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ, սպանում էին տարեց մարդկանց, երեխաների, հղի կանանց: