Արմինֆո. Վաճառելով զենք` Ռուսաստանը որոշակի իմաստով կառավարում է Ադրբեջանը: Երևանում այդ մասին հայտարարել է «Ռոսիա սևոդնյա» պետական միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Նրա ասելով, Ադրբեջանը շուկայում զենք է գնում հաստատուն արտարժույթով և կարող է այն գնել Իսրայելից, Թուրքիայից: «Ռուսաստանը երկրորդ զենք ներմուծողն է Աշխարհում: Ադրբեջանը, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ, գնում է այդ զենքը: Այստեղ ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա: Ռուսաստանը շատ հարցերում կառավարում է Ադրբեջանը, քանի որ հարաբերությունների բացակայությունը կառավարման բացակայություն է», - նշել է Կիսելյովը: Նա շարունակել է, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վճարում զենքի դիմաց: «Այդ իմաստով Ռուսաստանի և Ադրբեջանի շփումները Հայաստանի օգտին են», - համոզված է Կիսելյովը:
Նշենք, որ Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով դժգոհություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ, մասնավորապես, ասել է. «Վատը միայն այն չէ, որ Ռուսաստանը զենք վ աճառում Ադրբեջանին, այլ այն, որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտի, որ իրեն կրակում են Հայաստանի ռազմավարական դաշնակցի մատակարարած զենքից»: