
Արմինֆո. Արարատի մարզում նախընտրական կրքերը շիկացել են. «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է իր ակտվստների նկատմամբ ճնշումների մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Կարինե Պողոսյանը, մարզում անառողջ մթնոլորտ է տիրում: Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչներն ահաբեկում և վախեցնում են «Ծառուկյան» դաշինքի և ռեյտինգային համակարգով թեկնածու Արգամ Աբրահամյանի /նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի և Արտաշատի քաղաքապետ/ կողմնակիցներին: Մասնավորապես, ինչպես նշել է Պողոսյանը, Ոստիկանությունը, առանց որևէ բացատրության, բերման է ենթարկել Աբրահամյանի շտաբի ղեկավար Գարսևան Վարդանյանին: Ավելի ուշ նա ազատ է արձակվել: Նա կոչ է արել իրավապահ մարմիններին ուշադրություն դարձնել դրան:
Ըստ որում, Պողոսյանը հայտարարել է, որ դրանով Արարատում անօրինականությունները չեն ավարտվում. մարզպետ Արամայիս Գրիգորյանն Արտաշատի բուժկենտրոնի գլխավոր տնօրեն Վարդան Հովհաննիսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից՝ այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է ազատել պոլիկլինիկայի ղեկավար Սերինե Հայրապետյանին: Ավելի վաղ Գրիգորյանը Հայրապետյանից պահանջել էր ազատվել աշխատանքից, քանի որ նա հրաժարվել էր քարոզչություն իրականացնել հօգուտ Հանրապետական կուսակցության: «Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում: Եվ նման պատկեր է տիրում ողջ մարզում՝ դպրոցից մինչև հիվանդանոց»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ մարզպետն աշխատանից ազատել էր նաև այլ պաշտոնյաների, ովքեր հրաժարվել էին քարոզչություն իրականացնել ՀՀԿ օգտին:
Օրերս ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների միջև ընդհարումները Արարատի մարզում հասել են դանակահարության: Մասնավորապես, ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցները դանակահարել էին ԲՀԿ անդամներից մեկին, որին վիրահատել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հատկանշական է, որ Արարտի մարզում կրքերը թեժանում են ոչ միայն հակադիր քաղաքական ուժերի, այլ նաև՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածուների միջև: Դեռ նախընտրական արշավը չսկսած՝ ծեծկռտուք էր տեղի ունեցել նույն Մուրադ Մուրադյանի և «Ավշար» ընկերության սեփականատեր, Արարատի մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև: Օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արայիկ Գրիգորյանի վարորդի և ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նախընտրական շտաբի աշխատակիցների միջև: Ի դեպ, հենց նա է ՀՀԿ-ից պատասխանատուն Արարատի մարզում ընտրությունների համար և գլխավորում է մարզում կուսակցության տարածքային կառույցը: