Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունն անցկացնելու է կոռեկտ նախընտրական արշավ և գաղափարախոսության ու ծրագրերի վրա հիմնված քաղաքական պայքար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրւոյցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում:
«Հաշվի առնելով, որ հարգելի երկրորդ նախագահն ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունի՝ ես նույնպես զերծ կմնամ նրա հայտարարության մանրամասն մեկնաբանություններից: Սակայն, պետք է նշել, որ Ընտրական օրենսգիրքը, որը նա անխնա քննադատության է ենթարկել, ընդունվել է բացառիկ կոնսենսուսի պայմաններում, ըստ որում՝ ոչ միայն իշխանամետ, այլ նաև ընդդիմադիր ուժերի, հետևաբար՝ այն լավ նախադրյալներ է ստեղծում արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար՝ հակառակ երկրորդ նախագահի կանխատեսումների»,- ընդգծել է հանրապետականը:
Շարմազանովը նշել է նաև, որ ինչպես ՀՀԿ առաջանորդ և նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ցուցակի առաջին համար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել են, որ հանրապետականների նախընտրական արշավը լինելու է կոռեկտ, իսկ քաղաքական պայքարը հիմնված է լինելու կուսակցության գաղափարախոսության և ներկայացրած ծրագրերի վրա:
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի դիտարկմանը, որ տարբեր ընտրատեղամասերում հանրապետականների միջև ընդհարումներն արդյոք վկայություն չեն այն բանի, որ միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին, ինչպես այդ մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ Շարմազանովը հավաստիացրել է. «ՀՀԿ-ից թեկնածուները չեն մրցակցում միմյանց հետ, ընդհակառակը, նրանք ամեն բան անում են, որպեսզի ավելի շատ ձայն բերեն կուսակցությանը»: Ըստ որում նա ավելացրել է, որ ընտրական գործընթացները միշտ ուղեկցվում են որոշակի լարվածությամբ, սակայն դա հանրապետականների միջև տարաձայնությունների հետևանք չէ:
Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին հարցազրույցում հայտարարել է, որ քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունի: Ըստ որում, նա նշել է, որ շարունակում է 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով:«Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները: Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»,-հայտարարել է Քոչարյանը: