Արմինֆո. Մեր լինելիության խարիսխը հայոց բանակն է, ասված է Հանրապետական կուսակցության «Անվտանգություն և առաջընթաց» նախընտրական ծրագրում:
«Մեր պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը և շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության հանդեպ ոտնձգություններին:
Մենք չենք մտնելու սպառազինությունների ինքնանպատակ մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:
Մենք շարունակելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության։ Այս ուղղությամբ շատ կարևոր արդյունքներ ունենք, որոնք գալիք տարիներին միայն ավելանալու են։ Մեր բանակի արդիականացման ճանապարհին մենք ոչ մի միջոց չենք խնայելու:
Որևէ զենք կամ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն ու սպան են, որ բազմիցս ապացուցել են՝ մարտի դաշտում որոշիչը ոգին է, զենքը գործածելու կարողությունն ու մղումը, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումն ու առաքինությունը: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր քաջարի զինվորներն ու սպաներն են: Մեր ջանքերի հսկայական բաժինը շարունակելու է ուղղվել զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների հետագա կատարելագործմանը:
Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ:
Մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառաջադեմ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:
Սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացի մշտական կատարելագործումը մեր գերակայություններից է։ Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Սրան են ուղղվելու մեր քայլերը։
Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:
Մեր զինված ուժերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք հնարավորինս առավելություն ենք տալու հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ ստեղծվող նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են գտնելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ, և բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:
Եվ ամենակարևորը. կոռուպցիան արմատախիլ պետք է անել զինված ուժերից, և բանակի անձնակազմը վերջնականապես պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից` հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրա։ Սա թիվ մեկ խնդիրն է, որի ուղղությամբ վերջին շրջանում էական ձեռքբերումներ ունենք, և որը մենք հիմնովին լուծելու ենք գալիք տարիների ընթացքում»,- ասված է ծրագրում: