Արմինֆո. «Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի պակասության պատճառով պայմանավորված որևէ խնդիր չի եղել: Եթե իրենք ունեն էդպիսի տեղեկություններ, ես պնդում եմ՝ թող համապատասխան քննություն իրականացնեն: Ընդ որում՝ հանրությանն իրազեկելով»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանե դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով վարչապետի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով ռազմական տեխնիկան չի աշխատել:
«Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում: Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաև դեպքեր ապրիլայն պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն:
Ես ինքս էլ կողմնակից եմ և պնդում եմ, որ դա իրականացվի և իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Բայց, իմ իմացությամբ, խոսքը վերաբերում էր ներկայիս ներկրումներին: Տարբեր մեկնաբանություններ կան, հիմա տարբեր մարդիկ ասում են՝ տանկերում բենզին չի եղել, չհասկանալով, որ տանկերը լիցքավորում են միայն դիզելային վառելիքով: Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարության կողմից այդպիսի տեղեկություններ չեն եղել, դրանք պարզապես ասեկոսեների կամ տարբեր մեկնաբանությունների արդյունք են»,- ասել է Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանի խոսքերը սխալ են մեկնաբանվել և կտրված են կոնտեքստից: