
Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 1-ին հանդես է եկել Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ: Ինչպես նշում է Asbarez-ը, Շիֆը հիշեցրել է, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը հայերով հոծ բնակեցված ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդեր են տեղի ունեցել:
«Ադրբեջանական ՕՄՕՆ-ականները տնետուն ընկած հայերին բարբարոսաբար խոշտանգումների էին ենթարկում և սպանում: Սումգայիթում հարյուրավոր հայեր դաժանաբար սպանվել են, կանայք և երիտասարդ աղջիկները բռնաբարության են ենթարկվել, զոհերը խոշտանգվել են և ողջակիզվել: Նրանք, ում հաջողվել է փրկվել այդ վայրագություններից, փախել են տներից` թողնելով իրենց ողջ գույքն ու աշխատանքը: Իրականում, այդ ջարդերն Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող հակահայկական քարոզչության գագաթնակետն էին: Հետագայում այդ նույն իշխանությունները ոչինչ չարեցին մեղավորներին պատժելու համար: Փոխարենը` նրանք ջանք չխնայեցին տեղի ունեցածը քողարկելու և իշխանությունների անմիջական դերակատարումը կոծկելու համար: Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնություններն իրենց շարունակությունը գտան Բաքվում», - նշել է Շիֆը, հիշեցնելով, որ մինչ այդ ջարդերն Ադրբեջանում բնակվել է 450 հազար հայ: Կոնգրեսականը նաև նշել է, որ թեև տասնամյակներ են անցել, այնուամենայնիվ, ժամանակը չի սպիացրել Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում
տեղի ունեցած սոսկալի վայրագությունների վերքերը: Սահուն անցում կատարելով 21-րդ դարը` Ադամ Շիֆը նշել է, որ այսօր էլ Ադրբեջանի վտանգավոր վարքը շփման գծում սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Հայտարարության վերջում կոնգրեսականը հիշեցրել է, որ ապրիլին լրանում է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Մենք չպտք է թույլ տանք, որպեսզի մարդկության դեմ նման ոճրագործությունները մնան չճանաչված, անկախ այն բանից, որ դրանք տեղի են ունեցել 29 կամ 100 տարի առաջ: Այսօր եկեք մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և հիշել բոլոր զոհերին, հույս ունենալով, որ պատմությունը չի կրկնվի», - եզրափակել է Ադամ Շիֆը: