Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 3-ի դրությամբ:
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես. քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734», - ասվում է Ոստիկանությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին: ՀՀ ԿԸՀ որոշման համաձայն, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին, ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին` 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի 20:00: Սրանք առաջին ընտրություններն են` 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: Ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական միավոր. 4 կուսակցություն, 3 դաշինք և 2 համատեղ համամասնական ցուցակ: