
Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ պետություններից մեկը ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: «Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը», - հայտարարել է Նալբանդյանը։
Մեկնաբանելով հակամարտության գոտում առկա լարվածությունը` Նալբանդյանը նշել է, թե դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: «Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները», - հայտարարել է արտգործնախարարը:
Նալբանդյանը նաև ասել է, որ լավ է վերաբերվում ԱԳՆ հասցեին քննադատությանը։ «Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք», - եզրափակել է նա։