Արմինֆո.2017 թ. մարտի 1-ից 3-ը ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ ՀՀ Կառավարության Տանը տեղի է ունենում "Ինտեր Էքսպո " ցուցահանդեսային ընկերության և Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված "Կրթություն XXI-րդ դար" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ն:
Կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ընդհանուր առմամբ ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն է: Իր գործունեության ընթացքում Բանկը մշտապես աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, նախագծերին ու ծրագրերին։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, որոնց թվում է ավելի քան 10 բարձրագույն կրթության հաստատություն ՌԴ-ից:
Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը Երևանում կներկայացնի ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագրեր և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2017-2018 ուսումնական տարում ուսուցման բոլոր աստիճանների համար: Բուհերի ներկայացուցիչները կծանոթացնեն ցուցահանդեսի այցելուներին ընդունելության կանոնների, ուսուցման արտոնությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությանը՝ լեզուների դպրոցներում պարապմունքներ, միասնական քննություններին նախապատրաստական դասեր և կրթական ծրագրեր արտասահմանում։ Բացի այդ, կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ՝ կրթության վերաբերյալ հարցերով:
"Կրթությունը XXI դար" ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առաջին անգամ կներկայացնի եզակի փաստաթղթեր՝ 19-20-րդ դարերում Հայաստանի և Ռուսաստանի աշխարհիկ և հոգևոր կրթության մասին: