Արմինֆո.Պետք չէ սպասել, որ Իրանի և Ռուսաստանի միջև ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումները կարճաժամկետ հեռանակերում դրական ներդրում կունենան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Միլլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան՝ մեկնաբանելով մարտի վերջին Հասան Ռուհանիի Մոսկվա այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների մասին տեղեկատվությունը:
Միաժամանակ փոխխոսնակը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների անցկացումը բխում է Ռուսաստանի և Իրանի շահերից: Մուրադովայի խոսքով, Հասան Ռուհանիի Մոսկվա այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ կարծիքների փոխանակումն օբյեկտիվորեն արդարացված է. Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, իսկ Իրանը՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին սահմանակից պետություն է:
«Այդ պատճառով այդ հարցի քննարկումը միանգամայն բնական երևույթ է համարվում: Միամիտ կլիներ կարծել, որ այդքան սուր տարածաշրջանային խնդրի առկայության դեպքում, ինչպես՝ ղարաբաղյան հակամարտությունը, տարածաշրջանում հարաբերությունները նորմալ հունով կընթանան: Այդ պատճառով գտնում եմ, որ այդ քննարկումների անցկացումը բխում է երկու պետությունների շահերից: Բայց չեմ կարծում, որ քննարկումների արդյունքները կարճ ժամկետներում ներդրում կունենան հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի արդար դիրքորոշումը և օրինական շահերը:
Համենայն դեպս, կարելի է ենթադրել, որ քննարկումներն արդյունավետ կլինեն՝ խնդրի լուծման կարևորության ընդգծման և օրակարգում դրա գտնվելու տեսակետից»,- նշել է փոխխոսնակը, հայտնում է Trend-ը: