Արմինֆո.Արցախի շուրջ իրավիճակի հերթական կտրուկ սրացումը միակ ֆորս-մաժորն է, որը կարող է ազդել ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, գտնում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Բաքուն, կարծես, այդ իսկ նպատակով դիտավորյալ սրում է իրավիճակը: Կարծում եմ, հաշվի առնելով Հայաստանի և Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը՝ Բաքվում Հայաստանի ներքաղաքական գործընթացները կարող են արցախցիների դեմ զինված ագրեսիայի վերսկսման հարմար ժամանակահատված համարել: Ըստ որում՝ բացառելով ֆորս-մաժորը՝ կարող եմ ասել, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը կամ դրանց արդյունքները հազիվ թե անակնկալ մատուցեն Հայաստանի բնակչությանը»,- նշել է նա:
Ըստ քաղաքագետի, Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի քան շոշափելի առավելություն ունի ակտիվ պասսիվություն ցուցաբերող ընդդիմադիր հատվածի համեմատ: Այս պայմաններում իշխանությունները բավական ակտիվորեն վարչական և քարոզչական ռեսուրսներ են կիրառում, մինչդեռ ընդդիմությունն ի վիճակի չէ սկսել քաղաքական շարժում, որը կարող է ազդել ընտրություների արդյունքների վրա: