Արմինֆո.Արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում մշտադիտարկման համակարգի ստեղծման առանձնահատուկ հեռանկարներ չեն երևում՝ չնայած դրա ողջ անհրաժեշտությունը խաղաղության պահպանման համար, գտնում է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Անցած տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը հանգեցրել է կողմերի վրա արտաքին ճնշման, ինչն ստիպել է Բաքվին որոշակի պայմանավորվածությունների գնալ: Սակայն, հաշվի առնելով, որ պաշտոնապես դրանք այդպես էլ չեն ստորագրվել՝ Ադրբեջանն այնուհետև դրանց կատարումից հրաժարվեց: Նման պայմաններում Երևանը և Ստեփանակերտը պետք է Ադրբեջանի սադրանքներին պատասխանելու, այդ թվում՝ անհամաչափ, հնարավորություն ունենան»,- հայտարարել է քաղաքագետը «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ներքին և արտաքին գործոնները» թեմայով քննարկումների ընթացքում:
Միաժամանակ Սկակովը ենթադրել է, որ Հայաստանին ռուսական սպառազինությունների, մասնավորապես՝ «Իսկանդեր» համալիրների, մատակարարումների արդյունքում հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը վերականգնվել է: Նա նաև փետրվարի 25-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան գնահատել է որպես Հայաստանի և Արցախի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքի թեստավորում:
Փետրվարի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել շփման գծի հարավ-արևելյան /Մարտունի/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով: Արցախի ՊԲ առաջավոր ստորաբաժանումները, այդ թվում՝ տեսադիտարկման սարքավորումների շնորհիվ, ժամանակին հայտնաբերել են հակառակորդի հարձակումը և ելման դիրքեր շպրտել վերջինիս: Հակառակորդը նահանջել է՝ կրելով կորուստներ: Հայկական կողմը կարուստներ չունի: