Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բոլոր սադրանքները նոր պատերազմի նախապատրաստման հայեցակարգի մաս են կազմում, և դրանք պետք չէ դիտարկել՝ որպես առանձին էպիզոդներ, ԱԺ նիստի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, չնայած այն բանին, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները որոշակի եզրակացություններ արեցին՝ իրավիճակը կրկին սկսել է դուրս գալ վերահսկողությունից: «Եթե ստեղծված իրավիճակում հստակ քայլեր չձեռնարկենք, հետևանքներն անդառնալի կլինեն»,- հայտարարել է խորհրդարանականը՝ ԱԺ նախագահին առաջարկելով օրենսդիր մարմնի փակ նիստ գումարել և քննարկել ստեղծված իրավիճակը: Գալուստ Սահակյանը խոստացել է մտածել:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Չհաստատված տվյալների համաձայն, հակառակորդը կորցրել է 7-16 մարդ: