Արմինֆո.Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները, չմոռնալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»:
Այդ առնչությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: «Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը», - ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Չհաստատված տվյալների համաձայն, հակառակորդը կորցրել է 7-16 մարդ: