Արմինֆո.ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես դիմում է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 27-ին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ավելի վաղ, հիմնավորելով կուսակցությունից դուրս գալու իր որոշումը, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգության» ղեկավարության ներկայիս քաղաքականության հետ իր անհամաձայնության մասին: «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր Զարուհի Փոստանջյանը ` դիմելով «Ժառանգություն» կուսակցության անդամներին: