Արմինֆո.Նախընտրական արշավին մասնակցող ընդդիմադիր ուժերն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կոչ են անում զերծ մնալ իրենց հասցեին քննադատությունից և կենտրոնանալ սեփական գործողությունների և ծրագրի վրա:
Նշենք, որ օրերս դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այդ քաղաքական ուժի «ստվերային համակարգող», Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարեցին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը միակ ընդդիմադիր ուժն է Հայաստանի քաղաքական դաշտում, իսկ մնացածները ներկայումս ուղղորդվում են իշխանությունների կողմից և մտադիր են ընտրություններից հետո համախմբվել Հանրապետական կուսակցության հետ:
Այս առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ԱրմԻնֆո-ին մեկնաբանության մեջ հույս է հայտնել, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերջինիս անզգուշության հետևանք է: Նրա կարծիքով, նախընտրական շրջանում նման հարցեր քննարկելն աննպատակահարմար է, քանի որ քաղաքական յուրաքանչյուր ուժի համար առաջնային պետք է լինի իր նախընտրական ծրագրի ներկայացումը, այլ ոչ թե՝ այլ ուժերին քննադատելը: «Ես պատրաստ եմ վերսկսել այդ բանավեճն ապրիլի 3-ին, իսկ հիմա մենք մտադիր չենք քննադատել որևէ ընդդիմադիր ուժի, քանի որ դա մեծացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակի շանսերը»,- ընդգծել է նա՝ կոչ անելով Օհանյանին և ընդդիմադիր բոլոր քաղաքական գործիչների հետևել իր ներկայացրած դաշինքի օրինակին:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար և «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանի կարծիքով, նման հայտարարություններ ուղղակի վիրավորական են: Այս առնչությամբ նա խորհուրդ է տվել Օհանյանին ոչ թե հանդես գալ մյուսների հասցեին մերկապարանոց հայտարարություններով, այլ՝ կենտրոնական սեփական ծրագրերի ու քայլերի վրա: «Հայկական վերածնունդի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ կայացնել և իշխանությունների կամ որևէ ուժի հրահանգով չգործել»,- հավաստիացրել է նա:
«Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանն իր հերթին հայտարարել է, որ Օհանյանն խորը մոլորության մեջ է, քանի որ ի տարբերություն շատ այլ ուժերի՝ իր ներկայացրած դաշինքում բոլոր որոշումներն ընդունվում են քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում, այլ ոչ թե՝ իշխանությունների կամ որևէ ուժի հրանագնով: «Նման անհիմն հայտարարություններով կարող են հանդես գալ այն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որոնք իրենք են ենթարկվում ինչ-որ կենտրոնների, որոնց որոշումները միշտ թելադրվել են այլ անձանց կողմից»,- ընդգծել է նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար և այդ ուժից պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանն անլուրջ է համարում Օհանյանի և Բաբայանի հայտարարությունները: Նրա կարծիքով, ընտրական օրենսդրությունում բարեփոխումներն այնքան բարդ իրավիճակ են ստեղծել իշխանության համար, որ այն ի վիճակի չէ գաղտնի դավադրությունների դիմել: Նման հայտարարություններով հանդես գալուց առաջ հեղինակները թող ուղեղները շարժեն»,- ասել է նա: