Արմինֆո.Արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ` Երևանի գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: