Արմինֆո. Արցախի ժողովուրդն անդրդվելի է ժողովրդավարության և անկախության ճանապարհով ընթանալու իր ձգտման մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանրաքվեի ժամանակ եղել է ավելի քան 30 ընտրատեղամասերում: «Արցախի հանրաիքվեն լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր երկրների համար` առանց բացառության: Այն ցույց է տալիս մեկ բան. Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է», - ասել է Շարմազանովը :
Նա, միևնույն ժամանակ, փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո սա համապետական նշանակության առաջին միջոցառումն է, որը հերթական անգամ ցույց է տալիս Արցախի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին: