Արմինֆո. Որպես Եվրախորհրդարանի ներկայացուցիչ՝ կարևորում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը Արցախի ընտրական գործընթացներում: Այդ մասին փետրվարի 21-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակության անդամ, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտը:
«Անցկացված սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը բավական տպավորիչ էր: Հանրաքվեն կարևոր ներդրում կունենա Արցախի պետականաշինության գործում: Այս հանրաքվեն հայտ է միջազգային հանրությանը, որ անհրաժեշտ է հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման հետ»,- ասել է Շմիդտը: Նա նաև հայտնել է, որ եղել է ոչ միայն ընտրատեղամասերում, այլ նաև՝ առաջնագծում, ծանոթացել իրավիճակին, զրույցել զինծառայողների հետ: Նա հայտնել է, որ հանրաքվեի վերաբերյալ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» վերջնական եզրակացությունն ավելի ուշ կհրապարակվի կազմակերպության կայքում: Ավստրիական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վոլֆգանգ Յունգը գոհունակություն է հայտնել անցկացված հանրաքվեի առնչությամբ. «Առաջին անգամ չէ, որ դիտորդական առաքելություն եմ իրականացնում, տարբեր ժամանակաշրջաններում եղել եմ Արցախում և կարող եմ ասել, որ այստեղ ժողովրդավարություն է տիրում: Հանրաքվեի արդյունքները գերազանց եմ գնահատում: Հուսամ, որ կրկին կլինեմ Արցախում»: