Արմինֆո.2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտոե խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
Փետրվարի 17-ին Ա.Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ սա նախկին արտգործնախարարի որդու մասնակցությամբ առաջին սկանդալային պատմությունը չէ: 2013 թվականին Օսկանյան կրտսերը բերման էր ենթարկվել և տուգանվել է 200 հազար դրամով՝ թմրանյութ պահելու և օգտագործելու համար: Նույն թվականին «էդեմ» գիշերային ակումբի մոտ նա ծեծի էր ենթարկել մի երիտասարդի՝ կոտրելով նրա քիթը: Ավելի վաղ Օսկանյան կրտսերը հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթ էր կատարել: