
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը տարածվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյուքնում, ընդհանուր առմամբ, դրական է, համոզված է Լեռնային Ղարաբաղիկ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, որ նրանք չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, համապատասխանում է իրականությանը: Սակայն, ցանկանում եմ նշել, որ մեր ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին որոշել է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Այսօր մենք հանրաքվե չենք անցկացնում մեր կարգավիճակը փոխելու համար, այլ` որպեսզի իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ», - նշել է Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Ըդն որում, նա դրական է գնահատել այն փաստը, որ միջնորդներն իրենց հայտարարությունում այդ հանրաքվեն ճանաչել են որպես սեփական բնակչության հանրային կյանքի կազմակերպման մեխանիզմ: Նրա ասելով, դա կարևոր հանգամանք է:
Բաբայանը նաև անդրադարձել է միջնորդների հայտարարության` ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադրձնելու հատվածին: «Իհարկե, լավ է, որ նրանք դրական են գնահատում Հայաստանի այդ քայլը, միևնույն ժամանակ, ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ Ադրբեջանը կալանավորել է անմեղ մարդու (խոսքը վերաբերում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին), փաստորեն, նրան դատապարտելով մահվան: Կարևոր է, որպեսզի թե համանախագահները, թե միջազգային հանրությունը, ավելի կոշտ և հասցեական արձագանքեն Ադրբեջանի այդ քայլերին», - ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքում տարածել են հայտարարություն, որում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և պատերազմն իրավիճակից ելք չէ: Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի և շփման գծի երկայնքով առկա իրավիճակը: Նրանք կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրերը: Միևնույնն ժամանակ, համանախագահները դրական են գնահատել ադրբեջանցի զինծառայողի դիակը հայրենիք վերադարձնելու Հայաստանի իշխանությունների մարդասիրական քայլը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև ընդգծել են, որ տեղյակ են, փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի մասին: «Թեեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները դիտարկում են նման ընթացակարգի կիրառման հնարավորությունը, ձգտելով կազմակերպել սեփական բնակչության հանրային կյանքը, ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Հետևաբար, համանախագահները չեն ճանաչի առաջիկա հանրաքվեի արդյունքները` Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդելու տեսանկյունից: Հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը», - ասվում է համանախագահների հայտարարությունում: