Արմինֆո. Ազատվելով մասնագիտական լավատեսության նոպաներից՝ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ միջադեպերի հետաքննման ավելի իրական մեխանիզմների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վրա»,- «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«193-կմ շփման գծի վրա Անժեյ Կասպրշիկի առաքելությունը 5 մարդ է: Այդ պատճառով սկզբում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել բռնությունը, իսկ հետո արդեն անցնել քաղաքական հարցերի լուծմանը: Պետք է, վերջապես, դադարել սայլը ձիուց առաջ դնել: Եվ դիվանագետների գլխավոր խնդիրն է՝ նվազագույնի հասցնել ռազմական թեստավորման տարրը»,- նշել է վերլուծաբանը:
Նշելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների բացակայությունը՝ Մարկեդոնովն ընդգծել է ուժերի կազմի հարցը քննարկելու անհրաժեշտությունը, որոնք, համաձայն Մադրիդյան սկզբունքների, պետք է նման առաքելություն իրականացնեն: Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք բավական բարդ հարաբերությունները՝ խաղաղապահների կազմի հարցն էլ ավելի է բարդանում:
Միաժամանակ նա նշել է, որ ի տարբերություն հետխորհրդային հակամարտությունների՝ արտաքին ուժերին չի հաջողվել ղարաբաղյան հակամարտությունը վերածել պրոքսի հակամարտության՝ գերտերությունների շահերի բախման համատեքստում: Եվ այն, որ Ղարաբաղը մնացել է տարածաշրջանային բնույթի հակամարտություն, նրա կարծիքով, խաղաղության հեռանկարների քննարկման առումով շատ կարևոր է: