Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի կոմիտեի նախագահները գործընկերներին կոչ են արել ստորագրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին հղված նամակը, որում խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից:
Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ջեկի Սփիերը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադոն, ինչպես նաև Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը Սպիտակ տանը կոչ են արել առաջիկա ապրիլի 24-ին ճիշտ բնորոշել 1915 թվականի իրադարձությունները` ղեկավարվելով մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ պատմական առաջատարությամբ:
ԱՀՀ համանախագահները փաստել են, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը հարգանքի տուրք կմատուցի ոչ միայն զոհերի հիշատակին, այլև Ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև բազմաթիվ ամերիկայահերի տոկունությանը, որոնք աշխատում են ի բարօրություն Ամերիկայի: «1981 թվականին նախագահ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նույնն արել է Էյզենհաուերի վարչակազմը 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացված փաստաթղթերով: Ներկայացուցիչների պալատը նույնպես հիշատակել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերով: Իսկ Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանություններից հետո հայերին, ասորիներին, հույներին և հետապնդումների ենթարկված մյուս փոքրամասնություններին աջակցելու նպատակով Վաշինգտոնը տրամադրել է պատմական մակարդակի աջակցություն, Կոնգրեսի հովանու ներքո գործոող մերձավորարևելյան կոմիտեն այն տարիներին հավաքել է 116 մլն դոլար, ինչը հավասարազոր է այսօրվա 2,5 մլրդ դոլարի», - նշել են ԱՀՀ ղեկավարները, այդ համատեքստում ընդգծելով, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թրամփը հանդես կգա ի պաշտպանություն ողջ աշխարհի ազգային փոքրամասնությունների և տուժածնեի, ում հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են, և որոնց հավատարիմ է ԱՄՆ: