Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը և Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դադարեցրել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում համագործակցության շուրջ բանակցությունները:
«2016 թ. դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։ ՍԴՀԿ-ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն և «Միասնությունե շարժումը։ Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ Գագիկ Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։
ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում բացառապես սեփական միջոցներով։ ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։ Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով «Հնչակյանե կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»,- ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ:
Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն իր հերթին հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդրումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների»:
Նշենք, որ հունվարի 17-ին տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքականություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ: