Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հերթական անգամ մերժել է գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին:
Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանի խոսքով, պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կալանքի ժամկետը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման հետ կապված: Պաշտպանյալը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերի դահլիճ, քանի որ անիմաստ է համարել մասնակցել մի գործընթացի, որի արդյունքը կանխորոշված է։ Ինչպես նշել է փաստաբանը, դատարանն իր որոշումը հիմնավորել է ընդհանուր ձևակերպումներով, թե «գտնվելով ազատության մեջ՝ նա կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննչական մարմնից»: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, քննիչը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես հրազենային վիրավորում ստացած անձը կարող է խոչընդոտել քննչական մարմնի աշխատանքին:
ՊՊԾ գնդի շենքի գրավման քրեական գործող անցնող մեկ այլ մեղադրյալ, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր բավարարել է Հովհաննես Ղազարյանի պաշտպան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը և բեկանել նրա կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: