Արմինֆո. Թուրքիան ցավում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ է: Այդ մասին Կարսում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Ահմեթ Արսլանը: «Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է։ Երանի փակ չլիներ։ Սակայն կա մեկ պայման։ Հայաստանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի օկուպացումը և կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այն ժամանակ սահմանը կբացենք»,- ասել է թուրք նախարարը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններ: Փաստաթղթերը նախատեսում են«անկախ պատմաբանների» համատեղ հանձնաժողովի ստեղծում` Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար: Սակայն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններն այդպես էլ չվավերացրեցին արձանագրությունները, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ էր առաջ քաշում վավերացման համար: Այդ առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ կասեցվեց արձանագրությունների վավերացման գործընթացն Ազգային ժողովում, իսկ 2015 թվականի փետրվարին դրանք հետ կանչվեցին խորհրդարանից: