Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի ցուցակը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշել է, որ քանի դեռ շարունակվում են դաշինքի ստեղծման շուրջ բանակցությունները քաղաքական ուժերի հետ, մտադր չէ այլ մանրամասներ հաղորդել: Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ նույնիսկ եթե Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ինքը հրաժարական էր տալու ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով: Այն հարցին, թե մտադիր է արդյոք համալրել ԲՀԿ շարքերը՝ Աբրահամյանը հայտարարել է, որ անկուսակցական է, իսկ իր հետագա ծրագրերի մասին լրացուցիչ կհայտնի:
Նշենք, որ հունվարի 17-ին տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքականություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ: