Արմինֆո. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել է ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռերին» հաց բերած Արթուր Սարգսյանը: Հատուկ քննչական կոմիտեն հաղորդում է, որ կալանավորման որոշումը պայմանավորված է Սարգսյանի կողմից իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանների բազմակի խախտումներով: Սարգսյանի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, որ երեկ երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Սարգսյանի տուն և նրան բռնությամբ նստեցրել են մեքենա: Սարգսյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերի» գործողություններին աջակցելու համար: Նա կալանավորվել էր, հետո ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ` անազատության հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդությունների առկայության առնչությամբ: