Արմինֆո.Ռուս-իսրայելական բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հանձնումն իրականացվել է միջազգային նորմերի խախտումով: Այս մասին է ասված Հայաստանի Փաստաբանների պալատից ստացված հաղորդագրության մեջ:
Փաստաբանների հայտարարության մեջ ասված է, որ իրադարձությունների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ այդ գործընթացը ծագել և իրականացվել է միայն քաղաքական նպատակներով՝ շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։
«Ուշադրություն դարձնենք, որ Ալեքսանդր Լապշինին վերագրվող երկու արարքներից մեկը նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, քանի որ քրեական օրենսգրքի 281.2 հոդվածում խոսքը Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելու արարքի մասին է։ Պահպանվող եզրույթը ուղակիորեն հաստատում է, որ տարածքը պետք է գտնվի ադրբեջանական իշխանությունների վերահսկման ներքո։ Մինչդեռ, անվիճելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի գտնվում ադրբեջանական իշխանությունների վերահսկման կամ պահպանման ներքո, հետևաբար Ալեքսանդր Լապշինը որևէ կերպ չէր կարող խախտել վերոհիշյալ նորմի պահանջը»,-ասված է հայտարարության մեջ։
Նշված է նաև, որ Ալեքսանդր Լապշինին վերագրվող մյուս արարքը հանցագործություն չի համարվում Բելառուսի քրեական օրենսգրքով։ Այսպես, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը հանցագործություն է համարում. «հանրային կոչերը՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը։ Ելնելով Ալեքսանդր Լապշինի՝ ԼՂՀ անկախացման հրապարակային կոչերի բովանդակությունից, հստակ կարելի է պնդել, որ ադրբեջանական իշխանությունները հանցագործություն են համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Լապշինի հրապարակային կոչերը։ Մինչդեռ, Բելառուսի քրեական օրենսգիրքը Բելառուսի տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը չի համարում հանցագործություն։
«Վերոգրյալը հաստատվել է նմանատիպ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, որոնք կիրառվել են հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ տեսակի կապ են ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ավելին՝ Ադրբեջանը խրախուսում է նրանց, ովքեր ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ կապ ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Որպես վերոգրյալի հավաստում՝ հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին՝ գիշերը, Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացինով սպանել է քնած, ազգությամբ հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաներն էլ անցնում էին անգլերենի դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաքում: Հունգարիայի դատարանը դատապարտել էր Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը փոխանցվել էր Ադրբեջան՝ հետագա պատիժը այնտեղ կրելու համար: Հենց նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներում է շնորհել նրան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տվել է մայորի կոչում և բնակարան»,-նշում են հայտարարության հեղինակները:
Նշենք, որ Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները պահանջել են հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ինչպես նաև հետ կանչել դեսպանին Մինսկից: