Արմինֆո. Նախկին ԽՍՀՄ երկրների միջև և Իսրայելի հետ հարաբերություններում «Լապշինի գործի» հետևանքով առաջացած ճեղքերը լավագույն դեպքում ստիպված են լինելու նորից ամրացնել, բայց դրանք կարող են ավելի խորանալ, գտնում է XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը:
Փետրվար 8-ին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Բաքվին: Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանն օրինական էր ճանաչել Լապշինի արտահանձնումը, ում սպասում է 5-8 տարի ազատազրկում:
«Դժվար է պատկերացնել, որ նման բան տեղի է ունեցել ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում, սակայն, կարծում եմ, որ Լապշինն, այնուամենյանիվ, հետխորհրդային տարածության երկրների խաղերի պատանդ է դարձել: Եվ հիմա բոլոր այդ խաղացողները, իսկ խաղն արդեն չափազանց հեռու է գնացել, փորձում են դուրս գալ դրանից՝ պահպանելով դեմքը: Բաքուն, մասնավորապես, չցանկանալով հրաժարվել իր հարցումից, Լապշինին «ներելու» պատրաստակամություն է հայտնել, եթե վերջինս նման խնդրանքով դիմի Ադրբեջանի նախագահին»,- նշել է նա:
Ցինկերը նշել է, որ որ իսրայելական կողմն իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ է առաջարկել ադրբեջանցի գործընկերներին՝ համոզմունք հայտնելով, որ երկրի ղեկավարությունը հետ չի կանգնի, քանի դեռ Իսրայելի քաղաքացին ազատ չի արձակվել:
«Մոսկվան, ըստ երևույթին, նույնպես որոշակի ջանքեր է գործադրում իր քաղաքացուն ազատելու համար: Որքանով ինձ հայտնի է, պայմանավորվածություն կա, ըստ որի՝ Լապշինն ադրբեջանական բանտում չի նստի: Այժմ սակարկություն է ընթանում, որտեղ Բաքուն փորձում է Լապշինի դիմաց որոշակի արտոնություններ ստանալ: Կոնֆլիկտն, իհարկե, կհարթվի, բայց նստվածք, այնուամենայնիվ, կմնա»,- ամփոփել է քաղաքագետը: